Հայաստանի Կառավարության գործունեությունն առաջիկա 5 տարում ուղղվելու է բարձրտեխնոլոգիական, արդյունաբերական եւ էկոլոգիական ամենաբարձր պահանջներին համապատասխանող, արտահանմանը ուղղված, մրցունակ եւ ներառական տնտեսության կառուցմանը: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Կառավարության հիմնական խնդիրն է զբաղվածության խրախուսումը եւ աղքատության կրճատումը: «Ինչպես գիտեք, 2019 թվականը առաջին հետհեղափոխական լիարժեք տարին էր, եւ հենց այդ տարին պետք է մեզ պատկերացում տա նոր հետահեղափոխական Կառավարության եւ քաղաքական մեծամասնության ներուժի մասին»,- շեշտեց Փաշինյանը:
Նա կարեւոր համարեց նաեւ նշել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,6 տոկոս: Վարչապետի հավաստմամբ՝ սա ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում՝ ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ տարածաշրջանի, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետությունների շարքում:




























