Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պետք է համարժեք պատասխան տան Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական մշակույթի ռուսաստանյան հիմնադրամի տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով` նման գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի, սակայն որոշումը միշտ էլ կլինի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանտարությանը:

«Մայիսի 9-ի նախաշեմին, Ստեփանակերտի օդանավակայանի բացման օրը, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է շփման գծում շիկացնել մթնոլորտը», - նշեց փորձագետը:

Խոսելով արտաքին դիվանագիտական միջամտության հնարավորության եւ Ադրբեջանի գործողություններին համարժեք գնահատական տալու մասին` Արեշեւը նշեց, որ միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը,  վաղուց է սկսել անհանգստություն հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն  այդ անհանգստությունը սահմանափակվում է միայն հայտարարություններով:

Հիշեցնենք, որ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից ապրիլի 29-ին զոհվել էր երկու, վիրավորվել մեկ զինծառայող: