Հայաստանում առողջապահության եւ կրթության ոլորտում կվերանորոգվի ու կկառուցվի ավելի քան 100 օբյեկտ: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ այս տարի հայտարարվելու է ավելի քան 100 կրթական հաստատությունների եւ առողջապահական օբյեկտների վերանորոգման եւ կառուցման ծրագրերի մասին: «Մենք հույս ունենք, որ այս կերպ աշխատանքով կապահովենք մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատելու են մեկնում արտասահման»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով՝ խոսքը բնակչության զբաղվածության ապահովման մասին է ոչ միայն այս, այլ նաեւ հաջորդ տարի:
Ընդ որում՝ Կառավարությունը մտավախություններ ունի Հայաստանում բավարար թվով ընկերությունների առկայության հետ կապված, որոնք կարող են մասնակցել մրցույթներին եւ կատարել իկրենց պարտավորությունները: «Անցյալ տարվա փորձը մտահոգվելու պատճառ է տալիս: Անցյալ տարի մենք իրականացրել ենք ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ: 100 տոկոսով գործարկվել էին բոլոր հզորությունները, եւ նույնիսկ ցանկության դեպքում, մենք չէինք կարողանա ավելին անել»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ եթե անգամ իշխանությունները հատկացնեին 2 անգամ ավելի միջոցներ, ապա աշխատանքների համար ազատ ընկերություններ այլեւս չկային, շինարարության նշված մի շարք մրցույթներին ոչ մեկն ուղղակի չի մասնակցել:
Ինչ վերաբերում է նշված 100 օբյեկտին, ապա շուտով մրցույթները կհայտարարվեն: Վարչապետը հույս հայտնեց, որ այս նախագիծը թույլ կտա ոչ միայն աշխատանքով ապահովել այլ երկրներից վերադարձած միգրանտներին, այլ նաեւ լուրջ ավանդ բերել առողջապահության եւ կրթության մեջ:











