2019-ին մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա համար կա մեկ պատճառ, որովհետեւ մենք իրոք ուզում ենք ՀՀ-ում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ: Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ ունենալ, այլ իսկապես ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ: Եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց արած կլինեինք: Դրա համար 1-2 զանգը, կամ նույնիսկ զնագի բացակայությունը բավարար կլիներ: Բայց մեր քաղաքական կամքն է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, այդ հարցում միայն առաջընթաց պետք է ապրի:
Բայց նաեւ ուզում եմ ասել, որ դատական համակարգը մեր տնտեսական ու քաղաքական հետագա զարգացման կարեւորագույն գրավականն է»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իշխանության 2019-ի մենամեծ ձախողումը եղել է ՀՀ ժողովրդի գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել. «Ես պետք է խոստովանեմ, որ այո, մենք այդտեղ ունենք անհաջողություն: Դա ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Չնայած այս ընթացքում ՀՔԾ-ն 7 անգամ ավելի շատ գումար է վերադարձրել բյուջե, քան իր ողջ պատմության ընթացքում:
Այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ: Դրանք ունեն մի քանի շերտեր: Առաջինը, ուզում եմ լիարժեք խոստովանել, որ դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ: Այն, ինչ ունենք, այն նախադրյալները, որ ունենք, ունենք այդ բարձր պրոֆեսիոնալների աշխատանքի շնորհիվ: Նախկինում սա չեմ ասել, որովհետեւ ուզեցել եմ համոզվել, նոր ասել, չեմ ուզեցել դեկլարատիվ հայտարարություններ անել:
Բայց մեր դատաիրավական եւ իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ եւ կան դավաճաններ: Դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, մտքով անգրագետ»,-հայտաևրարեց Փաշինյանը:
Նա բերեց աստվածաշնչյան Սոդոմ-գոմորի պատմությունը եւ Աբրահամի եւ Աստծո երկխոսությունը. «Երբ իմանում է Սոդոմ-Գոմորի կործանման մասին, հարց է տալիս՝ եթե այդ քաղաքում 50 արդար մարդ լինի, կկործանե՞ս այդ քաղաքները, պատասխանը լինում է հետեւյալը՝ ոչ, չեմ կործանի: Ասում է՝ եթե անգամ 10 արդար լինի չեմ կործանի: Իսկ եթե մեկ արդար լինի, Աստված լուծումը գտնում է, ասում է՝ էդ մի արդարին կհանեմ քաղաքից, մնացածի հարցը կլուծենք»:
Հիմա ուզում եմ ասել, որ ՀՀ դատաիրավական համակարգում կան 10 արդարներ, եւ կառավարությունը դատաիրավական համակարգը քանդուքար չի արել, չի ավերել միայն այդ պայմանական 10 կամ 50 արդարների շնորհիվ: Ուզում եմ այդ 50 արդարներին շնորհակալություն հայտնել կառավարության եւ ժողովրդի անունից»:
Փաշինյանը հավելեց, որ չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց հիմա 100 տոկոսով համոզված է, որ ընթացող քննության արդյունքներով կբացահայտվի ՀՀ-ում երկար տարիներ գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգն իր բոլոր ճյուղերով, բոլոր գործող անձանց, իր բոլոր մեխանիզմներով եւ իր ամբողջ դրամաշրջանառւթյամբ. «Համոզված եղեք, որ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն արդարադատության առաջ եւ ժողովրդից գողացվածը կվերադարձվի»:











