2019 թվականին տնտեսական աճն ուղկեցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի լավացմամբ, ցածր գնաճով, կայուն ֆինանսական ցուցանիշներով: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույց քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարեւորագույն արդյունքներից մեկն այն է, որ 2019-ին մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12%:

«2008-ից առաջին անգամ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ կառուցվածքում դարձել է տնտեսության առաջատար ճյուղը: 2019-ից Հայաստանից ծառայությունների եւ ապրանքների արտահանումն աճել է 10,3%-ով, էական աճ է գրանցվել կոնյակի, մրգային գինիների, խաղողի գինիների, բուսական ծագում ունեցող արտադրանքների ապրանքային խմբերում: 2019-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրանցվել է 30 տոկոս շրջանառության աճ: Միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանման աճը կազմել է 26,9%, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 13,3%: 2019-ի հունվարից սեպտեմբեր ամիսներին արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,2%-ով, իսկ 2017-ի հետ համեմատ՝ 635 մլն դոլարով կամ 41,3%-ով»,-ասաց Փաշինյանը: