Ադրբեջանը սադրանքների հստակ համակարգ է մշակել. ամեն անգամ, երբ տարածաշրջան են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաներ,իսկ այս դեպքում դա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն է, Ադրբեջանը թեժացնում է իրավիճակը, իսկ հետո այդ ամենն օգտագործում Հայաստանի դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը՝ մեկնաբանելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում նախօրեին ադրբեջանցիների կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքը։

«Մենք արդեն սովորել ենք, երբ հեռուստացույցով մեկը դեմքի խելացի դեմքով ասում է, որ «կրկին մերոնց են սպանել», ինչից հետո մենք սկսում ենք պարզել՝ ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, այն դեպքում, երբ այնտեղ շարունակում են կրակել»,- հայտարարեց նա։ «Մի՞թե կա մեկը, ով մտածում է, որ այնտեղ կարգապահ հարեւան է ապրում»,- հռետորական հարց հնչեցրեց Կոմանդոսը։

«Պետք է պատասխանել, պատասխանել նույն  նույն կերպ, այլ տարբերակ չկա։ Մի քանի ամիս առաջ նրանք կրակում էին, իսկ մենք լռում, լռում էինք, ինչպես գառնուկներ։ Պետք է հասկանալ, որ նրանք այսուհետ էլ կրակելու են, քանի դեռ պատասխան չեն ստացել»,- ամփոփեց գեներալ-մայորը։

Նշենք, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից երեկ՝ ապրիլի 29-ին, զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջզինկոմիսարիատից):

Դեպքի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել եւ արձանագրել, որ «պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»: