Ես Արգիշտի Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իր ունակությունները, բայց գիտեմ, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն:
«Սերժ Սարգսյանն այդպես է գրել Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ: Ոստիկանապետն էլ է վարչապետը, հետեւաբար, եթե ինքը որոշել է, որ այդ մարդուն էդտեղ նշանակի, ուրեմն մի բան գիտի, ճիշտ է արել իր տեսանկյունից: Էդ մարդուն է վստահում, նշանակել է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իրենք ժամանակին ասում էին, որ պետք է ԱԱԾ-ի ու ոստիկանության ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական:
Հիշեցնենք, որ Արգիշի Քյարամյանը 2 օր առաջ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մեկ օր անց ազատվեց ու նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:











