Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել տուրքերի սպառնալիքները որպես զենք չօգտագործել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով լրացուցիչ տուրքեր սահմանել չինական ապրանքների ներկրման վրա, հայտնում է Reuters-ը։

Տուրքերն, ընդհանուր առմամբ, վնաս են հասցնում բոլոր կողմերին, ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Խուա Չունինը։ «Այդ պատճառով Միացյալ Նահանգները պետք է դադարի մտածել, որ իրենք կարող են տուրքերը որպես զենք եւ այլ երկրներին հարկադրելու լծակ օգտագործել»,- ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է համարում տուրքերի բարձրացումը չինական ապրանքների համար՝ որպես կորոնավիրուսի համավարակի պատասխան միջոցառում։

ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը ԱՄՆ-ին կոչ է արել չփորձել ուշադրությունը շեղել կորոնավիրուսի համաճարակի սեփական անշնորհք կառավարումից՝ մեղքը Չինաստանի վրա գցելով: «Ի՞նչ է արել ԱՄՆ-ը վերջին մի քանի ամիսներին: Ինչպե՞ս նրանք թույլ տվեցին բռնկմանը զարգանալ մինչեւ այժմյան աստիճան», - ասել է նա: «Ամենաանհետաձգելի խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում բռնկումը վերահսկվի եւ հնարավորինս շատ կյանքեր փրկվեն․.. Կյանքերի փրկությունը պետք է գերադասելի լինի քաղաքական շահերից»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Չինաստանը արագ միջոցներ է ձեռնարկել, ինչպես ԱՀԿ-ին եւ մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին կորոնավիրուսի մասին արդեն հունվարի 3-ին տեղեկացնելու առումով։ Նա հայտարարել է, թե մեղադրանքներն այն մասին, որ Չինաստանը կանխամտածված է տարածել վիրուսը, ինչպես ենթադրում են ամերիկյան որոշ պաշտոնատար անձինք, անհիմն են։