Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի համագործակցությունը բավական հագեցած օրակարգ ունի եւ մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ տվյալ համագործակցությունը իր մեջ ներառում է մի շարք ոլորտներ՝ սկսած քաղաքականությունից եւ անվտանգության ոլորտից, վերջացրած մշակույթի ոլորտով։

«Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ՝ բոլոր ոլորտներում։ Այո, մենք ունենք որոշակի հարցեր, սակայն եթե դրանք չլինեին, դա կնշանակեր, որ կան ավելի խորը խնդիրներ։ Դրանք շատ կարեւոր ռազմավարական հարաբերություններ են»,- ընդգծեց Մնացականյանը։

Նախարարը նաեւ նկատեց, որ կողմերը համագործակցում են տարբեր միջազգային հարթակներում, եւ անկասկած, յուրաքանչյուր կողմն ունի իր առաջնահերթությունները։

«Մենք մեր ռուս գործընկերների հետ շարունակում ենք համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- ամփոփեց նախարարը։