Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) զեկույցում հայտնաբերված եւ արտացոլված թերությունները Հայաստանի ավիացիոն ոլորտում վերաբերում են տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրներին, այլ ոչ թե` միայն վերջին տարիներին: Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այս համատեքստում նա շեշտեց, որ Քաղավիացիայի կոմիտեն կոշտ միջոցներ է նախաձեռնել հայտնաբերված թերությունների վերացման համար, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել գերատեսչության կողմից:

Փոխվարչապետը հայտնեց նաեւ, որ մայիսի 12-ին խորհրդակցություն տեղի կունենա, որի ընթացքում եզրակացություններ կտրվեն Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Երբ վերջնական որոշումը հայտարարվի, մենք համապատասխան եզրակացություններ կանենք: Նախապես դա անել պետք չէ: Եկեք սպասենք խորհրդակցության արդյունքին: Սակայն ես կարծում եմ, մենք դրական փոփոխություններ կստանանք»,- ասաց Ավինյանը:

Մասնավորապես, նա նշեց, որ, չնայած EASA-ի եզրակացություններին, խնդիրը լուծելի է: