Հայ-ռուսական հարաբերությունները բավական հագեցած օրակարգ, երկար պատմություն ունեն, որոնք հիմնված են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա, եւ ունեն նաեւ գործնական արտահայտություն։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե ինչու է հենց հիմա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարություն արել ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին։

Այդ հարաբերությունները, նրա խոսքերով, առնչվում են բազմաթիվ ոլորտների, սկսած անվտանգությունից եւ վերջացրած կրթամշակութայինով։ Նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորոգույն ուղղություններից։

«Այդ ոգով ենք մենք շարունակում աշխատել մեր ռուս գործընկերների հետ։ Մենք այդ հարցերին վերջին անգամ անդրադարձել ենք երկու օր առաջ։ Բնականաբար, կան տարբեր հարցեր եւ մեր, եւ ռուսական կողմից։ Սակայն պետք չէ ամեն անգամ դրանից դրամա սարքել»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ համագործակցության համար կան շատ հարթակներ, որոնց շրջանակներում աշխատանքներ են տարվում այս օրակարգի բոլոր հարցերով։ Ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց, որ բարձր է գնահատում նախարարի դիվանագիտական պատասխանը։ «Ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները։ Սակայն իսկապե՞ս մեսիջները, որոնք պարունակվում էին Լավրովի հայտարարության մեջ, պետք է քննարկվեն խորհրդարանում, եւ ո՞ւմ են դրանք ուղղված»,- հարցրեց պատգամավորը։

Դրան նախարարը պատասխանեց, որ կարելի է երկար վերլուծել այդ հայտարարությունը եւ այն, թե ում էր այն հասցեագրված։ «Որքան հիշում եմ, հարցը տրվել էր ադրբեջանական աղբյուրից, եւ այդ պատասխանը նրան էր ուղղված»,- նկատեց Մնացականյանը։