Իրանի նախագահ Մուհամադ Ահմադինեժադն աշխատավայրում չի երեւացել ապրիլի 22 –ից, նա բաց է թողել կառավարության երկու նիստերը եւ նախապես ծրագրված այցը սուրբ քաղաք Կում, հաղորդում է BBC-ին:
Սա տեղի է ունենում այն լուրերի ֆոնին, ըստ որոնց Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի եւ Ահմադինեժադի միջեւ հակասություն է ծագել, որը կարող է հանգեցնել նախագահի իմպիչմենտի: Իրանում այաթոլլան է վերահսկում իշխանության բոլոր ճյուղերը եւ ընտրվում է ոչ թե ժողովրդի, այլ բարձրագույն հոգեւորականության խորհրդի կողմից:
Շաբաթ օրը իրանական խորհրդարանի մի քանի ազդեցիկ անդամներ կոչ են արել դռնփակ լսումներ հրավիրել այն կապակցությամբ, որ նախագահը «բացահայտ բոյկոտում է իր պարտականությունները»: Պատգամավորները քննարկում են իմպիչմենտի ընթացակարգի սկսման հարցեր:




























