Չարտերային թռիչքների կազմակերպման համար ստեղծված Flight Hunter սրատափի հեղինակները պանդեմիայի օրերին նախաձեռնում են «Հետ արի Հայաստան» նախաձեռնությունը, որի շրջանակում արտերկրում գտնվող՝ Հայաստանի քաղաքացիները կարող են գրանցվել եւ հնարավորության դեպքում առաջիկա չարտերային չվերթով վերադառնալ հայրենիք։

Ֆեյսբուքյան մեր էջում տեղադրված հայտարարության միջոցով մարդիկ իրազեկվում են եւ հատուկ օնլայն թերթիկ լրացնելու միջոցով տեղեկացնում՝ Հայաստան գալու ցանկության մասին։ Մենք այս պահին շուրջ 3000 դիմում ենք արդեն ստացել, որոնց մեծ մասը՝ ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից։ Ընդ որում այս պահին արդեն կապի մեջ ենք ավիակամպանիաների հետ, փորձում ենք այնպես անել, որ չարտերները կազմակերպվեն ուղիղ այն քաղաքներից, որտեղից մարդիկ ուզում են վերադառանալ, իսկ այդպիսիք բազմաթիվ են մասնավորապես ՌԴ-ում»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ստարտափի հեղինակներից Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ ժամկետները դեռես հստակ չեն՝ պայմանավորված տարբեր երկրների՝ պարբերաբար փոփոխվող սահմանափակումներով։

Ստարտափի վրա թիմն աշխատում է արդեն երկու տարի եւ պանդեմիայի օրերին ամբողջ ներուժը դրել է չարտերային թռիչքներ կազմակերպելու ֆունկցիան զարգացնելու վրա։ Երբ նախագիծն ամբողջությամբ գործարկվի, հնարավոր կլինի հատուկ հավելվածի միջոցով աշխարհի յուրաքանչյուր վայրից լրացնել համապատասխան տվյալները եւ հայտնել որեւէ կետից մյուսը տեղափոխվելու ցանկության մասին։ Տվյալները ընկերությունը կմշակի եւ նույն ուղղությամբ որեւէ ժամանակահատվածի համար գրանցված ուղեւորներին տեղափոխելու հարցը կքննարկի ավիափոխադրողների հետ։ Սա կարող է անգամ հնարավորություն տալ ուղիղ թռիչքներ կազմակերպել անգամ նոր ուղղություններից եւ մարդիկ իրենք կկարողանան ներկայացնել տոմսի գնի իրենց առաջարկը։ Նախագիծը միջազգային է եւ նախատեսված է ամբողջ աշխարհում օդային տարածքով մարդկանց տեղաշարժը հարմարավետ դարձնելու համար։

Բացի այդ, ստարտափը մեկ այլ ֆունկցիա էլ ունի, որի միջոցով մարդիկ կարող են տեղեկանալ իրենց ցանկացած ուղղությամբ թռիչքների հնարավոր ազատ տեղերի մասին եւ վերջին պահին տոմսերը գնել համեմատաբար ցածր գնով։

«Համաշխարհային թռիչքների ավիափոխադրումների շատ թռիչքներ կատարվում են դատարկ նստատեղերով։ Ենթադրենք օդանավը Երեւանում թռնում է Մոսկվա, որտեղ 30-40 տեղ ազատ է, կամ Դուբայից թռնում է Լոս Անջելես, որտեղ 20 տեղ ազատ է։ Մեր ստարտափի գաղափարն այն է, որ այդ խնդիրը լուծենք՝ վերջին պահին վաճառելով տոմսերը։ Դրա համար մարդը մտնում է հավելված, նշում է՝ որտեղ է գտնվում, ուր է ուզում գնալ, նախընտրելի ժամանակահատված է նշում, նաեւ թե ինչքան է ինքը պատրաստ վճարել տվյալ ուղղության համար, քանի հոգով են թռնում, ինչ վիզա ունի։ Այդ ամենը մշակելով մենք ինֆորմացիա ենք տալիս, որ, օրինակ, 5 օրից կա թռիչք Երեւանից Մոսկվա, որտեղ կա 20 տեղ դատարկ, եւ այդ 20 տեղը կարող եք լրացնել դուք, վճարելով տոմսի գնից ցածր գումար։ Ավիաընկերությունների հետ խոսում ենք, ասում ենք՝ դուք ունեք ազատ 20 տեղ, տվեք մեզ հնարավորություն գնորդ գնելու եւ վերջին պահին էժան վաճառելու տոմսերը։ Օրինակի համար ընկերությունը կարող է ասել՝ 3 ժամ հենց մնա թռիչքին, կտանք ձեզ, դուք կարող եք վաճառել շատ էժան»,- մանրամասնեց Տիգրան Պետրոսյանը։

Նախագծի հեղինակները կարծում են՝ բոլոր նախադրյալները կան նախագծի հաջողված դառնալու համար։