Միացյալ Նահանգները ողջունում է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի կողմից նշանակված նոր կառավարությունը  եւ որպես աջակցության նշան 120 օրով երկարաձգում է Իրանից էլեկտրաէներգիա ներմուծելու թույլտվությունը: Այս մասին նշվում է պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի եւ ալ-Քազիմիի միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքում Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պետքարտուղար Պոմպեոն ողջունել է վարչապետ ալ-Քազիմիի նոր կառավարությանը, որին վստահություն է հայտնել Ներկայացուցիչների խորհուրդը: Նրանք քննարկել են Իրաքի կառավարությանը սպասվող  հրատապ եւ ծանր աշխատանքը բարեփոխումների իրականացման, COVID-19-ի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»,- նշվում է փաստաթղթում:

«Ի աջակցություն նոր կառավարությանը` Միացյալ Նահանգները 120-օրյա թույլտվություն կտրամադրեն էլեկտրաէներգիա գնելու համար` որպես մեր ցանկության արտացոլում օգնելու ճիշտ պայմաններ ստեղծել հաջողության հասնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 27-ին Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ 30 օրով (մինչեւ մայիսի 26-ը) կերկարաձգեն Իրանից էներգակիրներ գնելու թույլտվությունն Իրաքի համար: 2018-ի դեկտեմբերին եւ 2019-ի մարտին ԱՄՆ-ն արդեն որոշում էր կայացնում 90 օրով Իրաքը պատժամիջոցների ազդեցությունից դուրս բերելու համար, որոնք սահմանափակում են էներգակիրների ձեռք բերումն Իրանից: Անցյալ ամառ այս ժամկետը երկարաձգվել էր եւս 120 օրով:

Իրաքի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Բաղդադը դեռ «այլընտրանք չունի իրանից գազի ներմուծումը փոխարինելու համար»: Այս իրավիճակը բացատրվում է նրանով, որ Իրաքը մեծապես կախված է իրանական գազի մատակարարումներից`որպես իր էներգետիկ համակարգի սնման աղբյուր: Իրաքն էլեկտրաէներգետիկ ազգային համակարգի միջոցով 14 հազար մեգավատ է արտադրում, իսկ հավելյալ 4 հազար մեգավատն արտադրվում է գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծման շնորհիվ: