Ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցում Հռոմի Հովհաննես Պողոս II Պապին երանելիների շարքին դասելու արարողությանը, հաղորդում է rusnovosti.ru-ն:

Այս կապակցությամբ պատարագը մատուցել է կաթոլիկ եկեղեցու ներկայիս հոգեւոր առաջնորդ Բենեդիկտոս XVI Պապը: Մասնակցել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանեն, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ:

Կաթոլիկ եկեղեցում երանելիության հռչակումը փառաբանության առաջին փուլն է, որին հաջորդում է սրբերի շարքին դասումը:

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին որպես մասունք ի ցույց է դրվել Հովհաննես Պողոս II Պապի արյամբ սրվակը, որին նրանք կարող են խոնարհվել:

Հիշեցենենք, որ Հովհաննես Պողոս II Պապը վախճանվել էր 2005թ. ապրիլին:  Նրան երանելի հռչակելու մասին որոշումն ընդունվել է այս տարի հունվարին:

Հովհաննես Պողոս II Պապն առաջին սլավոնացին էր, ով ղեկավարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Նա ծնվել էր 1920 թ-ին Լեհաստանում եւ կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 26  տարի: