Մայիսի 1-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երեւան քաղաքում (ֆոտոռեպորտաժ): Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհն ընկնող հատվածում, ժամը 14։00-ի սահմաններում իրար են բախվել Մերսեդես C 280 24 ՏԼ 570 համարանիշի եւ ՎԱԶ 2107 մակնիշի Տ 2486 համարանիշի տաքսի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում ՎԱԶ-2107-ի վարորդը` 56-ամյա Սարգիս Գրիգորյանը, տեղում մահացել է։ Նրա ուղեւորուհին, 21-ամյա Գոհար Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մերսեդեսը վարել է Երեւանի բնակչ, 41-ամյա Կարեն Խալաթյանը։
Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի փրկարարներն ու օպերատիվ վարչության աշխատակիցները: Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Նշված հատվածում երթեւեկությունը դադարեցվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանց աշխատանքը ղեկավարում էր Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:
Դեպքի վայր են հրավիրել դատական բժշկին եւ փորձագետին: Քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հովհաննես Սիրականյանը: Վերջինիս հանձնարարականով քարշակ ավտոմեքենաներ են կանչվել, որպեսզի մեքենաները տեղափոխեն Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























