Երեւան-Արմավիր ավտոճանապարհին այսօր` մայիսի 1-ին, ժամը 14:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Էջմիածնի հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Էջմիածնի բաժին, որ մարմնական վնասվածքներով նշված հատվածից իրենց մոտ են տեղափոխել 9 անձի:
Հիվանդանոց մեկնած Էջմիածնի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 60-ամյա Համլետ Ղուկասյանը, 32-ամյա Արտյոմ Ղուկասյանը, 28-ամյա Համեստ Ղուկասյանը, 34-ամյա Թեհմինե Ղուկասյանը, 55-ամյա Մանիկ Ղուկասյանը, 63-ամյա Մարիամ Պանչոյանը, 63-ամյա Նելլի Քիրաբյանը, 66-ամյա Սամվել Մուրադյանը եւ 66-ամյա Վլադիմիր Դուրգարյանը:
Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են վթարի արդյունքում: Իրար էին բախվել Nissan X-Trail մակնիշի 61 ՏԼ 001 համարանիշի եւ ՎԱԶ-2107 մակնիշի 13 ԼՍ 063 համարանիշի ավտոմեքենաները: Վիրավորներին մեքենաներից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էջմիածնի բաժնի տուգանային հրապարակ:
Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:








Լուսանկարները եը տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























