ԱՄՆ սենատին ձայները չեն բավարարել, որպեսզի հաղթահարի նախագահ Դոնալդ Թրամփի վետոն բանաձեւի վրա, որը արգելում է նախագահին առանց Կոնգրեսի համաձայնության ռազմական գործողություններ նախաձեռնել Իրանի դեմ, հայտնում է AP-ը։
Թրամփը վետո է դրել այդ բանաձեւի վրա՝ այն անվանելով «վիրավորական» եւ Հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններից առաջ պառակտելու փորձ։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։
Բանաձեւի հեղինակ, Վիրջինիայից դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ ռազմական իրավասությունների միջոցը Թրամփին եւ նույնիսկ նախագահությանը չի վերաբերում, այլ պատերազմի հայտարարման համար Կոնգրեսի իշխանության կարեւոր հաստատում է։ «Դա վիրավերական չէ։ Դա մեր աշխատանքն է։ Միջոցը մտցվել է, որպեսզի կանխի անպետք պատերազմը»,- ասել է նա հինգշաբթի օրը քվեարկությունից առաջ։
Երկու կուսակցություններից կոնգրեսականները մտահոգություն էին հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հունվարին օդային հարված էր հասցրել, որի հետեւանքով սպանվել էր իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Օրենսդիրները հայտարարել են, թե մտավախություն ունեն, որ Իրանն ու ԱՄՆ-ը վտանգավոր աստիճանի մոտ են տոտալ պատերազմի, եւ իրենք փորձում են սահմանափակել հետագա գործողությունները, որոնք Թրամփը կարող է նախաձեռնել Իրանի դեմ։




























