ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է բարկանում, երբ իր շրջապատից որեւէ մեկը վարակվում է կորոնավիրուսով, գրում է The Week-ը։
Նախօրեին Սպիտակ տունը հաստատել էր, որ զինվորականի մոտ, ով Թրամփի սպասավորներից է, կորոնավիրուս է ախտորոշվել։ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը կորոնավիրուսի անալիզ են հանձնել, որի արդյունքը բացասական է եղել, սակայն, միեւնույն է, Թրամփը կատաղած է եղել այն մտքից, որ մոտ է գտնվում վարակման աղբյուրին, հայտնում է NBC News-ը։
Այն մասին, որ տղամարդու մոտ սկսել են կորոնավիրուսի ախտանշաններ ի հայտ գալ, CNN-ը առաջին անգամ հայտնել է չորեքշաբթի օրը։ Նա «ամբողջ օրը եղել է նախագահի կողքին», գրում է NBC News-ը։ Եւ, երբ հինգշաբթի օրը Թրամփը իմացել է, որ այդ մարդը գտնվում է իր շրջապատում, նա «պարզապես կատաղել է եւ իր շտաբի անդամներին հայտարարել է, թե չի զգում, որ նրանք ամեն ինչ անում են իրեն վիրուսից պաշտպանելու համար»։
Թրամփը հերքել է, որ մոտ շփում է ունեցել վարակվածի հետ։ «Ես քիչ եմ շփվել այդ ջենթլմենի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ինքը, ինչպես նաեւ Փենսը, կորոնավիրուսի ամենօրյա թեսթ կանցնեն։





























