Գիտնականների բացահայտած սեւ խոռոչով եռակի աստղային համակարգը գտնվում է մեզ այնքան մոտ, որ այն կարելի է տեսնել անզեն աչքով, հաղորդում է BBC-ն:

Չիլիում Եվրոպական հարավային աստղադիտարանի հետազոտողների հայտնաբերած սեւ խոռոչը գտնվում է երկրից ընդամենը 1000 լուսային տարի հեռավորության վրա. ավելի մոտ Արեւային համակարգին, քան նախկինում այդօրինակ ցանկացած այլ բացահայտումը:

Այն այնքան մոտ է, որ կարելի է անգամ առանց հեռադիտակի տեսնել Հարավային կիսագնդում պարզ գիշերվա ընթացքում երկու աստղ, որոնք պտտվում են միմյանց շուրջ:

Համեմատության համար նշենք, որ մեր Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում տեղակայված սեւ խոռոչը գտնվում է Արեւից 25 հազար լուսային տարի հեռավորության վրա, իսկ սեւ խոռոչը, որը հնարավոր էր դարձել գիտնականներին լուսանկարել անցած տարի, գտնվում է շուրջ 50 մլն լուսային տարի կամ շուրջ 500 միլիոն տրիլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Աստղագետները համարում են, որ այդ բացահայտումն այսբերգի գագաթն է, եւ մեր Գալակտիկայում կարող են գտնվել այդպիսի բազմաթիվ սեւ խոռոչներ:

«Այնտեղ պետք է լինեն հարյուր միլիոնավոր այդպիսի աստղեր, սակայն դեռեւս մեզ հայտնի են դրանցից մի քանիսը»,-ասում է Թոմաս Ռիվինիուսը: