Ավստրալիայի պաշտոնյաները հիասթափված են, որ կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրելու իրենց ցանկությունը խաթարվում է Սպիտակ տան կողմից, որը փորձում է կապել բռնկումը չինական լաբորատորիայի հետ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրները:

Աղբյուրները հայտնել են, որ Չինաստանի վրա Վաշինգտոնի հարձակումը Պեկինին հնարավորություն է ընձեռել պնդելու, որ Ավստրալիայի` անկախ հետաքննություն անցկացնելու խնդրանքն ԱՄՆ-ի օրակարգի մի մասն է:

Կանբերրան դիվանագիտական ծուղակի մեջ է հայտնվել Վաշինգտոնի` անվտանգության ոլորտում գլխավոր դաշնակցի, եւ Պեկինի` իր հիմնական առեւտրային գործընկերոջ հետ արդեն լարված հարաբերություններi միջեւ:

Կառավարության աղբյուրներից մեկը հայտնել է, որ պաշտոնյաները քրտնաջան աշխատել են հետաքննության բացահայտ եւ գլոբալ բնույթի վրա, եւ «եկեք ամբողջ մեղքը դնենք Չինաստանի վրա» ամերիկյան մոտեցումը չի օգնում:

Առեւտրի նախարար Սայմոն Բիրմինգհեմը, պատասխանելով քննադատություններին այն մասին` արդյոք հետաքննությունը կվնասի Չինաստանի հետ առեւտրի, փորձել է շեշտել Ավստրալիայի անկախությունը: «Մենք դա չենք անում Միացյալ Նահանգների շնիկի նման, - ասաց նա:- Ավստրալիայի կառավարության հայտարարությունների եւ Միացյալ Նահանգների որոշ մեկնաբանությունների միջեւ նկատելի տարբերություններ կան: Մենք մեր սեփական վերլուծությունն ենք անցկացնում, փնտրում ենք սեփական ապացույցները»:

Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հետաքննություն անցկացնելու կոչերը «քաղաքական մանիպուլյացիաներ են» եւ Ավստրալիան պետք է «հրաժարվի իր գաղափարական նախապաշարմունքներից»:

Անցած հանգստյան օրերին Սիդնեյի Daily Telegraph թերթը հայտնել էր, որ «արեւմտյան շահագրգիռ կառավարությունների կողմից պատրաստված դոսյեն» ցույց է տվել, որ Չինաստանը դիտավորյալ կերպով թաքցրել կամ ոչնչացրել է կորոնավիրուսի բռնկման ապացույցները: Հոդվածը հրապարակվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ապացույցներ է տեսել առ այն, որ կորոնավիրուսի պատճառն արտահոսքն է Ուհան քաղաքի լաբորատորիայից: Կառավարության եւ հետախուզության ներկայացուցիչները հայտարարել էին, որ փաստաթուղթը, որին հղում է կատարում այս հոդվածը հրապարակային զեկույցների եւ թերթերից հոդվածների հավաքածու է եւ հիմնված չէ հետախուզական աղբյուրների վրա: «Սա հետազոտական աշխատանք է: Ես կարող եմ ասել ձեզ, որ մենք դրան մեծ ուշադրություն չենք դարձնում»,- ասել է  աղբյուրը հետախուզությունում:

Հոդվածում մեջբերված 15 էջանոց փաստաթղթին ծանոթ մի պաշտոնյա Reuters-ին հայտնել էր, որ այն, կարծես, նախատեսված է ԱՄՆ-ի դիրքորոշմանն աջակցելու համար եւ հետախուզական աշխատանքների մաս չի կազմում: Ըստ աղբյուրի` փաստաթղթում ավստրալական գործակալություններից ոչ մի առաջարկություն չի ավելացվել: