Չինաստանն աջակցում է կորոնավիրուսի բռնկման գլոբալ հետազոտությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, սակայն` «միայն համավարակի ավարտից հետո», հայտնում է AFP- ն:

Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուա Չունինը, հետաքննությունը պետք է իրականացվի «բաց, թափանցիկ եւ ներառական ձեւով» ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ղեկավարությամբ: Ըստ նրա` դա պետք է տեղի ունենա «համավարակի ավարտից հետո»:

Նա նշել է, որ հետաքննության մեջ հարկ է «ամփոփել համավարակի դեմ պայքարի միջազգային պատասխանի փորձը եւ թերությունները, ուժեղացնել ԱՀԿ-ի աշխատանքը, բարելավել հանրային առողջության ոլորտում երկրների հիմնական կարողությունների ձեւավորումը եւ առաջարկներ ներկայացնել հիմնական վարակիչ հիվանդություններին գլոբալ պատրաստվածության վերաբերյալ»:

Չինաստանը կհամագործակցի կորոնավիրուսի ծագմումը պարզելու ԱՀԿ-ի ջանքերին, հավելել է նա, սակայն մերժել է հետաքննություն անցկացնելու ԱՄՆ-ի կոչերը` մեղադրելով նրանց «հարցը քաղաքականացնելու» մեջ: ԱԳՆ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ ցանկացած հետաքննություն պետք է հիմնված լինի Առողջապահության միջազգային կանոնակարգի վրա եւ լիազորված լինի ԱՀԿ կառավարման մարմինների` Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կամ Գործադիր խորհրդի կողմից:

Ավելի վաղ ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Քերհովեն հայտարարել էր, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում Չինաստանի հետ` կենդանիների մոտ վիրուսի աղբյուրն ուսումնասիրելու նպատակով առաքելություն ուղարկելու համար: