ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին հորդորեց կոռեկտություն պահպանել: Կարճատեւ ընդմիջումից հետո վերսկսելով նիստը` դատավորը կողմերին հիշեցրեց ոչ կոռեկտ վարքի եւ վիրավորական արտահայտությունների համար պատասխանատվության մասին: Ընդմիջումից առաջ տուժած կողմը` ի դեմս Քլոյանի, նման պահվածքի օրինակ ցույց տվեց` Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետներին «գողեր եւ ավազակներ» անվանելով:

Փաստաբանների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունք ստանալով` Քլոյանը հայտարարեց, որ ինքը չի ճանաչում Անուշավան Դանիելյանին, իսկ, ահա, Կարեն Կարապետյանը, ինչպես լսել է, ապրում է Մոսկվայում: Ուստի, պահանջեց Քլոյանը, Կարապետյանը պետք է պատասխան տա, թե ինչու չի օգնել ազատել Լեւոն Հայրապետյանին: Նմանատիպ հարց Քլոյանն ուղղեց Ռոբերտ Քոչարյանին: Դատավորը Քլոյանին խնդրեց ըստ էության արտահայտվել, եւ ինչպես կարելի էր ակնկալել, նա դեմ էր ներկայացված միջնորդություններին: Տուժած կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը գնաց մեկ այլ ներկայացուցչի` Տիգրան Եգորյանի հետքերով եւ սկսեց դատողություններ անել երաշխավորողների հեղինակության մասին:

Սաֆարյանը երաշխավորներին մեղադրեց բոլոր տեսակի «մեղքերի» համար, «կոմպրոմատներ» ներկայացրեց նախկին վարչապետների դեմ, որոնց մեծ մասը տեղեկություններ էին անհասկանալի աղբյուրներից: Եզրափակելով «ջախջախիչ ելույթը»` Սաֆարյանը հայտարարեց, որ վստահություն չներշնչող այսպիս անձինք չեն կարող որպես երաշխավորներ հանդես գալ: Իրականում, հայտարարեց Սաֆարյանը, նրանք պարզապես նրանք իրենց պարտքն են տալիս այն բանի դիմաց, որ ժամանակին իրենց թույլ են տվել մութ գործեր անել: Դատավորի համբերությունը չափել սկսեց ՝տուժող կողմի ներկայացուցիչ Պողոսյանը` երաշխավորներին «այսպես կոչված վարչապետներ»  անվանելով:

«Ժողովուրդն ինքը գիտի, թե ովքեր են նրանք»,- պաթոսով ասաց Պողոսյանը: Խոսքից զրկելու մասին դատավորի դիտողությանն ի պատասխան Պողոսյանը սկսեց թվարկել նախկին պաշտոնյաների «մեղքերը», քարի հանքերը, ռեստորանները եւ բնակարաններն արտերկրում: «Եթե դա կոռեկտ է համարվում, ես կարող եմ խոսել այդ մասին»,- հայտարարեց Պողոսյանը: