Google եւ Facebook ամերիկյան ընկերությունները հայտարարել են, որ թույլ կտան իրենց աշխատակիցներին աշխատել տնից մինչեւ 2020 թվականի ավարտը: BBC-ի հաղորդմամբ՝ երկու ընկերություններն էլ կսկսեն բացել իրենց գրասենյակները, սակայն կպահպանեն ճկուն աշխատանքային գրաֆիկ:

Facebook-ը պատրաստ է բացել իր գրասենյակն արդեն հուլիսի 6-ին: Ընդ որում՝ դեռեւս հայտնի չէ, թե որ աշխատակիցներին կառաջարկեն վերադառնալ աշխատանքի: «Բոլոր նրանք, ովքեր կարող են շարունակել հեռավար աշխատել, կարող են դա անել մինչեւ տարեվերջ»,-նշել է Facebook-ի ներկայացուցիչը, հաղորդում է RG-ն:

Ավելի վաղ սոցիալական ցանցի աշխատակիցները ստացել էին բոնուս հազար դոլարի չափով տանն աշխատելու համար: Google-ում պատրաստվում էին վերադառնալ գրասենյակային աշխատանքի հունիսի սկզբում, սակայն մտափոխվել էին: Գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել էր, որ այն աշխատակիցներին, որոնք կարող են աշխատել տնից, թույլ կտան մնալ տանը մինչեւ տարեվերջ: Մյուս մասը կվերադառնա գրասենյակ, սակայն անվտանգության միջոցառումները պահպանելու պայմանով: