Հաղթանակի օրը տոն է, որը միավորում է ամբողջ քաղաքակիրթ հասարակությանը: Այն կարեւոր է ոչ միայն ԱՊՀ եւ հետխորհրդային երկրների, այլ նաեւ ամբողջ աշխարհի բոլոր պետությունների համար: «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ կարծիքն է արտահայտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ եւ փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր:

Փաստաթղթերից մեկում նշված է, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում:

«Ռազմաճակատում զոհված, անհետ կորած իմ պապի մի քանի խամրած, հին լուսանկարներ. ահա այն ամենը, ինչ մենք ունենք: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով են, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,-ընդգծել է վարչապետը:

Նա հավելել է, որ հայ հասարակությունում չեն մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին: Նրանց անունով են կոչված մայրաքաղաքի գլխավոր պողոտաները եւ գրեթե բոլոր քաղաքներում տեղադրված են հուշարձաններ: Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ մայիսի 9-ին, չնայած կորոնավիրուսի պանդեմիային, երկրում կանցկացվեն տոնական միջոցառումներ, կկայանա կործանիչների շքերթ, իսկ 208 վետերաններ կստանան պատվավոր պարգեւավճարներ ավելի քան 600 դոլարի չափով:

«Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը զոհվելն է հանուն հայրենիքի, եւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,-ընդգծել է վարչապետը:

Փաշինյանը մաղթել է բոլորին տոնական տրամադրություն եւ կոչ արել չընկճվել, որ տոնական միջոցառումները չեն անցկացվի նախապես որոշված ծրագրով: Նա առաջարկել է այլընտրանք՝ տոնել տանը՝ ընտանեկան միջավայրում, կամ առցանց հարթակներում: