Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է մինչեւ հուլիսի 10-ը երկրում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արտակարգ սանիտարական ռեժիմը երկարաձգելու մասին օրինագիծը։ Այդ մասին հաղորդվում է Ֆրանսիայի խորհրդարանի ներքին պալատի թվիթերյան էջում, հաղորդում է ՌԲԿ-ն։

«Միջկուսակցական հանձնաժողովում պատգամավորների եւ սենատորների միջեւ համաձայնություն գրանցելուց հետո Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել արտակարգ սանիտարական դրությունը երկարաձգելու մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում։

Ֆրանսիայում արտակարգ սանիտարական դրությունը սահմանվել էր մարտի 24-ին։ Այդ ժամանակ կառավարությունը կարող է առանց խորհրդակցելու խորհրդարանի հետ սահմանափակել հասարակական ազատությունները, այդ թվում՝ արգելել տեղաշարժը, սահմանել պարետային ժամ, փակել որոշակի ձեռնարկություններ եւ վերահսկել գները։

Ապրիլի կեսերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկարացրել էր երկրում սահմանափակումները մինչեւ մայիսի 10-ը կորոնավիրուսին հակազդելու համար։ Այդկերպ պահպանվում են տեղաշարժման սահմանափակումները, իսկ սահմանները շարունակում են փակ մնալ։ Ընդ որում՝ Մակրոնի խոսքով՝ այդ օրվանից հետո աստիճանաբար կբացվեն ուսումնական հաստատությունները։ Սակայն մշակութային եւ սպորտային միջոցառումներն արգելված կլինեն առնվազն մինչեւ հուլիսի կեսերը։