Չեխիայի կառավարությունը չի պատրաստվում երկարաձգել մարտի 12-ից երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը սպառվում է մայիսի 17-ին։ Այդ մասին կիրակի հայտնել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ՝ մենք չենք դիմի (ազգային խորհրդարանի ներքին պալատին) ռեժիմը երկարաձգելու մասին խնդրանքով»,-նշել է վարչապետը։
Բաբիշը հայտնել է, որ մայիսի 11-ին կայանալիք կառավարության նիստի ընթացքում կքննարկվի այդ հարցը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում կկարողանան օպերատիվ կերպով սահմանել սոցիալական սահմանափակումներ հատուկ օրենքի հիման վրա, որը պետք է ընդունի խորհրդարանը։ Ակնկալվում է, որ այն զգալի չափով կամրապնդի առողջապահության նախարարության իրավասությունները մինչեւ ընթացիկ տարվա վերջ։
Վարչապետին սատարել է ՆԳ նախարար ու Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման կենտրոնական շտաբի նախագահ Յան Գամաչեկը։ «Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարող է չեղարկվել մայիսի 17-ին»,-ասել է նա։
Գամաչեկը նաեւ հայտնել է, որ իշխանությունները քննարկում են հնարավորությունը հանրապետության բնակիչներին թույլ տալ բաց տարածքներում չկրել բժշկական դիմակներ։ Դիմակներ կրելու պարտավորությունը կպահպանվի միայն հասարակական փակ տարածքներ այցելելիս, ինչպիսիք են, օրինակ, խանութները եւ հասարակական տրանսպորտը։
Չեխիայում, որի բնակչությունը կազմում է շուրջ 10.6 մլն քաղաքացի, ինն օր շարունակ բժիշկները գրանցում են կորոնավիրուսով վարակվելու 100-ից պակաս նոր դեպք։ Մարտի սկզբից հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 095 դեպք, մահացել է 276, իսկ առողջացել՝ 4 447 պացիենտ։ Կորոնավիրուսի պանդեմիայի ամբողջ ընթացքում աշխարհում վարակվել է ավելի քան 4 միլիոն մարդ, մահացել՝ ավելի քան 277 հազարը։





























