Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս խոշորագույն նահանգում, որի մայրաքաղաքն է Սիդնեյը, մայիսի 15-ից կթուլացնվեն կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ընդունված սահմանափակումները, հայտարարել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ուրբաթ կբացվեն ռեստորանները, խաղահրապարակները եւ հանրային լողավազանները, քանի որ նահանգում կորոնավիրուսի տարածումը կտրուկ կրճատվել է։ Բացի այդ, կթույլատրվեն մինչեւ 10 հոգանոց հավաքները։
«Միայն այն, որ մենք թուլացնում ենք սահմանափակումները, չի նշանակում, որ վիրուսը դարձել է պակաս մահաբեր կամ պակաս սպառնալիք է ներկայացնում։ Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ լավ ենք արել»,-նշել է վարչապետը։
Նոր Հարավային Ուելս նահանգն ամենաշատն է տուժել Ավստրալիայում պանդեմիայի հետեւանքով։ Երկրում վարակման եւ մահվան դեպքերի շուրջ 45 տոկոսը գրանցվել է հենց այդ նահանգում։




























