Բեն Լադենի սպանությունը փոքր ինչ կզսպի նրա կողմնակիցներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռուս փորձագետ Եվգենի Սատանովսկին։
Նրա խոսքով, Բեն Լադենի կողմնակիցները նրա անմահության մասին միֆ են հորինել, բայց այժմ, երբ «թիվ մեկ ահաբեկիչը» սպանված է, իսկ այդ միֆն օդ է ցնդել, նրա շատ կողմնակիցները մտածում են իրենց հետագա արարքների մասին:
Սատանովսկին Բեն Լադենի սպանության մասին լուրն իրականությանը համապատասխանող որակեց, քանի որ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչի մարմինը ամերիկացի մասնագետների մոտ է։ Պատասխանելով այն հարցին, թե չի՞ դառնա արդյոք Բեն Լադենի սպանությունը ահաբեկչության նոր ալիքի պատճառ, փորձագետը նկատեց. «Հանցավորության եւ ահաբեկչության դեմ չի կարելի պայքարել՝ մտածելով, որ յուրաքանչյուր նոր քայլ մարդասպաններին կարող է դրդել ագրեսիայի»:
Նշենք, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի սպանության մասին լուրը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։





























