ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել Երկրապահի նույնիսկ մեծ տարիքային խմբի անձնակազմին, նրանք օր առաջ հասել են դիրքեր, իսկ Սամվել Կարապետյանը (Օգանվոսկին) շատ կարեւոր դերակատարում է ունեցել 116 դիրքը ետ վերադարձնելու գործում։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանձնաժողով հրավիրվե՞լու են Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը եւ Սամվել Կարապետյանը։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բալասանյանն ու Գրիգորյանը պաշտոն չեն ունեցել, եւ, որ նրանց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան պատերազմի դեպքերի վրա:
«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նա շատ կարեւոր դերակատարում է ունեցել 116 դիրքը ետ վերադարձնելու գործում: Ես չեմ ուզում քննարկել՝ արդյոք Բալասանյանն իրավասո՞ւ է եղել Աղդամի ուղղությամբ մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանմանը հրաման իջեցնել: Նա նման իրավասություն չի ունեցել, հետո է նշանակվել ԱԽ քարտուղար, սակայն նույնիսկ այդ պարագում չէր կարող ԶՈւ որեւէ հրամանատարի կոնկրետ հրաման իջեցնել: Դրա համար կա ՊԲ, որը ղեկավարել է Լեւոն Մնացականյանը: Հենց Մնացականյանի հրամաններն է կատարել բանակը»։





























