Ես այդ դաշտ չեմ մտնելու, որովհետեւ դա քաղաքական դաշտ չէ, կոչ եմ անում իմ գործընկերոջ վերադառնալ քաղաքական, բովանդակային դաշտ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իր եղբայրը հայհոյանք է գրել իր վիզը կտրողի հասցեին:

«Չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստանը» որեւէ կերպ իր մեղքի բաժինը միջադեպի առնչությամբ չի ընդունում, ինչի հետ համաձայն չենք, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ ԼՀԿ-ն իր համար կանի հետեւություններ: Մեր խմբակցությունը դատապարտել է տեղի ունեցածը մեր հատվածով, թե ընդհանրապես միջադեպի հետ կապված: Մենք մեր հետեւություններ արել ենք, լիահույս ենք, որ ԼԿ-ն նույնպես կանի հետեւություններ թեկուզ ոչ հրապարակային, եւ մեր աշխատանքները կվերադառնան բնականոն, քաղաքական, բովանդակային դաշտ»,-հայտարարեց Մակունցը:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ԼՀԿ պատգամավորները չվերադառնան ԱԺ նիստերին, Մակունցը նկատեց, որ հարցն ուղղված է հենց «Լուսավոր Հայաստանին», ինքը չի կարող մեկնաբանել: