Նոր iPhone-ում ներկառուցված հիշողությունը մեծացված է, որոշ մոդելներ կունենան բարձր հստակության դիսփլեյ: Այս մասին հայտնել է ինսայդեր Ջոն Փրոսերը, փոխանցում է Lenta-ն:
Apple-ը կհրաժարվի 64 գիգաբայթ ներկառուցված հիշողության տարբերակից. այս ձեւաչափն օգտագործվել է iPhone-ի վերջին երեք սերունդներում: Փրոսերի կարծիքով՝ 64 գիգաբայթի կուտակիչը չի բավարարում օգտատիրոջ բոլոր պահանջները: Դեվայսների բացահայտված առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկության համաձայն՝ 5,4 եւ 6,1 դյույմ էկրաններով iPhone 12 մոդելները հասանելի կլինեն 128 եւ 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ տարբերակներում:
iPhone 12 Pro եւ 12 Pro Max հավաքածուների թոփային մոդելները կթողարկվեն համապատասխանաբար՝ 6,1 եւ 6,7 դյույմ անկյունագծով էկրաններով, նաեւ մեկնարկային մոդիֆիկացիայում կստանան 128 գիգաբայթ: Հասանելի կլինեն նաեւ 256 եւ 512 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ տարբերակները: Հավաքածուում ընդհանուր կլինի 4 սմարթֆոն, որոնք կունենան OLED դիսփլեյ, A14 չիպ, 5-րդ սերնդի ցանցում աշխատանքի ապահովում:
Ջոն Փրոսերը նաեւ հաստատել է, որ iPhone 12 Pro եւ 12 Pro Max մոդելները կունենան ProMotion տեխնոլոգիայի աջակցությամբ էկրան: Այդ դեպքում դիսփլեյի վրա տեղեկությունների թարմացման հաճախականությունը կմեծանա 60-ից մինչեւ 120 հերց: Այս տեխնոլոգիան արդեն կիրառվել է iPad Pro-ում:
Փրոսերն ապրիլի վերջին հայտարարել էր, որ iPhone 12-ի ֆլագմանային հավաքածուի ամենամատչելի սմարթֆոնը կարժենա 649 դոլարից սկսած: 6,1-դյույմանոց էկրանով մոդելը կարժենա 749 դոլար, iPhone 12 Pro-ն հնարավոր կլինի ձեռք բերել 999 դոլարով: iPhone 12 Pro Max-ը, որը հավաքածուի թոփային սարքն է, կգնահատվի 1099 դոլար:











