Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության բաժնում է տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 12-ին, Կենտրոնական բանկի դիմաց  վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստրկանության կենտրոն բաժին։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն վերջիններս առաջարկել էին 1 հոգի ներս մտնի եւ հանդիպի ԿԲ–ի ներկայացուցչի հետ, ինչին ցուցարարները բացասական պատասխան տվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։ Այս պահին ոստիկանության կենտրոն բաժնի առջեւ են նաեւ ակցիայի մյուս մասնակիցները։

Ավելի ուշ պարզվեց, որ բերման է ենթարկվել Մանուել Մանուկյանն ու իր եղբայրը:

Հիշեցնենք, որ երեկ էլ էին քաղաքացիները ակցիա իրականացրել ԿԲ–ի դիմաց։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց։