Ասիան եւ Եվրոպան կորոնավիրուսի ռեցիդիվի ռիսկի կենթարկվեն, եթե սկսեն տնտեսությունը բացել մինչ այն բանը, երբ կընդունվեն նոր վարակների արագ հայտնաբերման եւ մեկուսացման լայնամասշտաբ միջոցառումներ, հայտնել են Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետները։

Նրանք նշել են, որ կարանտինը եւ այլ սահմանափակումներ հանգեցրել են զգալի տնտեսական եւ հոգեբանական վնասների քաղաքացիների համար, եւ հասկանալի է, որ երկրներն ուզում են արագ այդ սահմանափակումները հանելու միջոցներ ձեռնարկել։ Սակայն շատ արագ ընթացքը կարող է սպառնալիքի տակ դնել հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Covid-19-ի տարածումը զսպելու գործում, եւ հանգեցնել նոր մարդկային զոհերի ու տնտեսական վնասների, նշում են փորձագետները։ «Տնտեսական այս աննախադեպ սահմանափակումներից դուրս գալու իրենց ուղին որոշելիս Ասիայի եւ Եվրոպայի երկրները պետք է զգույշ գործեն եւ չտրվեն ամեն ինչ չափազանց շատ, չափազանց շուտ անելու գայթակղությանը, եւ ռեցիդիվի ռիսկի ենթարկվեն»,- գրել են նրանք։

Նշվում է, որ ավելի քան 250 000 մարդ հարավային եւ արեւելյան ասիայում վարակվել է նոր կորոնավիրուսով, 9700-ը մահացել է, ընդ որում՝ Չինաստանին, Ինդոնեզիային, Ճապոնիային, Սինգապուրին եւ Հարավային Կորեային բաժին է ընկնում բոլոր վարակվածների 85%-ը։

Համավարակը Եվրոպային ավելի ուժեղ է հարվածել՝ հիվանդացածների թիվը հասել է 1,8 միլիոնի, որը կազմում է ընդհանուր համաշխարհային ցուցանիշի մոտ կեսը, իսկ մահացածների թիվը մոտենում է 160 000-ի՝ աշխարհում 280 000-ից։

Մի քանի ասիական երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, աստիճանաբար բացում են իրենց տնտեսությունները, սակայն այդ ջանքերը լրացվում են լայնամասշտաբ թեսթավորումներով, ներառյալ պատահական սքրինինգները Չինաստանի առանձին շրջաններում։

Մի քանի եվրոպական երկրներ հայտարարել են տնտեսություններն աստիճանաբար բացելու մասին, իսկ որոշները սկսել են այդ գործընթացը, նշել են ԱՄՀ-ում՝ հավելելով, որ Եվրոպան, կարծես, համաճարակային ցիկլում ավելի շուտ է բացվում, քան Չինաստանը, որտեղ բռնկումը սկսվել է 2019-ի վերջին։ Դա մեծ ռիսկի է ենթարկում Եվրոպային՝ հաշվի առնելով, որ լայնամասշտաբ թեսթավորման հնարավորությունները, շփումներին հետեւելը եւ դեպքերի մեկուսացումը այստեղ զիջում են Ասիայի լավագույն օրինակներին։

«Հետեւաբար, Եվրոպան, կարծես ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, քան որոշ ասիական երկրներ, ներառյալ՝ Չինաստանը, թեեւ ոչ մի երկիր չի կարող վստահաբար հայտարարել վիրուսի դեմ հաղթանակի մասին»,- նշել են նրանք։