Իրանի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին հոկտեմբերի 25-ին այցելել վերջերս հայտնաբերված ուրանի հարստացման գաղտնի գործարան։ BBC-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մուհամեդ Բարադեյը՝ կիրակի օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ ունեցած բանակցություններից հետո։
Հոկտեմբերի 3-ին անցկացված բանակցությունները կողմերը հաջողված են համարել։ ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը նաեւ նշել է, որ մատակարարող երկրներից դրական պատասխան է ստացել Իրանի հարցմանը իր հարստացված ուրանը վերամշակելու եւ հետագայում այն բժշկական սարքավորումներում օգտագործելու համար։
Նա նաեւ հայտարարել է, որ այժմ իրանական միջուկային ծրագրում «դժվար ժամանակներ են» եւ հնարավոր մաքսիմալ թափանցիկության կոչ է արել Թեհրանին։ Բարադեյի խոսքերով, հարցը կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը երկրի միջուկային ծրագրի քննարկման նպատակով հոկտեմբերի 3-ին ժամանել է Իրան։ AFP-ի տվյալներով, Թեհրանում Բարադեյի եւ իրանական ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հանդիպմանը ներկա է եղել նաեւ Իրան նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։



























