ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։





























