Վարչապետի շուրթերից պետք է հնչի հետևյալ խոսքը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և վերջ: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» ծրագրին հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Արցախի հարցն ինձ համար, և ես շատ կուզենայի, որ յուրաքանչյուրիս համար լիներ առանցքայինը: Եթե հայ ժողովուրդն ունի ապագա, ապա այն անցնում է Արցախով: Կարո՞ղ ենք մենք Արցախը՝ որպես Հայաստան, պահել-պահպանել, ուրեմն Հայաստանն ու հայ ժողովուրդը կունենան ապագա, եթե ոչ, ապա մենք կարճ ժամանակ անց, իմ ամբողջ հարգանքով դեպի այդ ազգը, կվերածվենք ասորիների, որոնք հիշում են իրենց փառապանծ անցյալը: Եվ այդ առումով ինձ համար բացարձակապես անընդունելի է վարչապետի խոսքը, թե ինչ ուզենք՝ այն էլ կբանակցենք»:

Ոչ, դուք ինչ ուզեք՝ չպիտի բանակցեք, հայտարարել է Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հետեւյալ արտահայտությանը․ «Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, ու ձեռներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել հարցի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»

«Դուք պիտի բանակցեք այնպես, այնպիսի դիրքորոշում պետք է ունենաք, որ որևէ մեկի մտքով աշխարհում չանցնի, որ Արցախը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում: Ժողովրդի անունը մի բերեք: Ես էլ եմ ժողովուրդ, և շատ ավելի ժողովուրդ կա, Արցախում էլ կա: Դուք մեր ներքին լսարանի համար ասեք այնպես, որ մենք հանգիստ լինենք»: