2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 954 կգ արյուն (հակաշիճուկ, պատվաստանյութ, մանրէներ)։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։
Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արյան բաղադրիչների արտահանումն աճել է մոտ 2 անգամ։
1 կգ արյունն արտահանվում է 176 դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա համեմատ արյունը թանկացել է գրեթե կրկնակի անգամ, ինչն էլ հավանաբար նպաստել է արտահանման աճին։
NEWS.am-ը փորձեց հանրապետության գլխավոր հեմատոլոգ Սմբատ Դաղբաշյանից պարզել, թե ո՞վ եւ ի՞նչ կարգով է արյուն արտահանում։ Սակայն հարցը պրն. Դաղբաշյանի մոտ միայն զարմանք հարուցեց։ «Առաջին անգամ եմ նման բան լսում։ Մենք շատ ունե՞նք, որ արտահանենք»,- հարցին հարցով պատասխանեց գլխավոր հեմատոլոգը:
Նա նաեւ հիշեցրեց, թե ինչպես, երբ Բեսլանի դեպքերի հետ կապված 4-5 լիտր արյուն էր ուղարկվում որպես մարդասիրական օգնություն, հարկ եղավ առողջապահության նախարարությունից հատուկ թույլտվություն վերցնել։
Ս. Դաղբաշյանը կարծիք հայտնեց, որ արյան բաղադրիչների արտահանումը կազմակերպում է դեղագործական ընկերություններից մեկը։





























