Հարավաֆրիկյան թագավորություն Լեսոտոյի վարչապետ Թոմաս Տաբանեն մտադիր է այսօր հրաժարական ներկայացնել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
80-ամյա Տաբանեն փետրվարին հայտարարել էր, որ հուլիսի վերջին կհեռանա վարչապետի պաշտոնից: Ոստիկանությունը նրան կասկածում է 2017 թվականին կատարված իր նախկին կնոջ սպանությանը հանցակցելու մեջ:
Գործակալության հետ զրույցում նա հայտնել է, որ պաշտոնից հեռանալու որոշումը պայմանավորված է տարիքով:
Վարչապետի իշխող կոալիցիան լուծարվել էր այս շաբաթ, Լեսոտոյի խորհրդարանը մայիսի 22-ին պետք է ձեւավորի նոր կառավարություն եւ վարչապետ ընտրի: Տաբանեի կուսակցությունն այս պաշտոնին առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մոեկետսի Մայորոյին:
Վարչապետի նախկին կինը՝ Լիպոլելո Տաբանեն 2017 թվականին գնդակահարվել էր Մասերու քաղաքի իր տան մոտ, դա տեղի էր ունեցել ամուսնալուծության «լարված» գործընթացի ֆոնին: Ոստիկանությունն անցած ամիս վարչապետի ներկայիս կնոջից՝ Մեսայա Տաբանեից պահանջել էր ներկայանալ հարցաքննության, սակայն նա թաքնվել էր: Ավելի ուշ հանձնվել էր ոստիկանությանը: Նրան առաջադրել են վարչապետի նախկին կնոջը սպանելու մեղադրանք եւ գրավով ազատել են:
Լեսոտոյի թագավորությունը Հարավային Աֆրիկայում պետություն է, որն ամբողջությամբ շրջապատված է Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքով:





























