ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Իրանն ամբողջ աշխարհում ահաբեկչություն է հրահրում անգամ կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Նա նման պնդումներով հանդես է եկել այսօր Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նույնիսկ ներկայիս համավարակի ժամանակ Իրանն այաթոլլահների ռեժիմի ռեսուրսներն օգտագործում է ամբողջ աշխարհում ահաբեկչություն հրահրելու համար: Եվ դա տեղի է ունենում այն պահին, երբ իրանցի ժողովուրդը հսկայական տառապանքներ է ապրում»,- ասել է Պոմպեոն:
ԱՄՆ պետքարտուղարի եւ Իսրայելի վարչապետի ելույթը Երուսաղեմում նրանց բանակցությունների մեկնարկից առաջ հեռարձակել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը:
Նեթանյահուն իր ելույթում նշել է, որ Իսրայելը «խորապես գնահատում է այն փաստը», որ չորեքշաբթի Պոմպեոյի այցը հրեական պետություն նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունն է կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Իսրայելի վարչապետի կարծիքով՝ սա «մեր դաշինքի ուժի, ինչպես նաեւ Իսրայել պետությանը [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի հավատարմության ցուցանիշն է»:





























