Կենտրոնական բանկի մոտից այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից մեկին՝ Մանուել Մանուկյանին ոստիկանները բերման են ենթարկել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նրան բերման են ենթարկել 11։ 40-ին՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածով արարք կատարելու համար։  

Նշենք, որ այսօր ակցիայի ամբողջ ընթացքում ոստիկանները՝ պատճառաբանելով արտակարգ դրության հանգամանքը, քաղաքացիներին հորդորում էին դադարեցնել այն, պահպանել սոցիալական հեռավորությունը։

Հիշեցնենք, որ ԿԲ-ի դիմաց այսօր երրորդ օրն էր արդեն՝ բողոքի ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարել նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։ Քաղաքացիներն այսօր ԿԲ նախագահին ուղղված դիմում հանձնեցին։ Նախօրեին ակցիայի մասնակիցներից մի քանիսը նույնպես բերման են ենթարկվել ոստիկանության հետ բախումից հետո։