Ոստիկաններն այսօր՝ մարտի 13-ին, ԿԲ ակցիայից հետո են բերման ենթարկել դրա կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին, երբ նա լրագրողների հետ կանգնած է եղել եւ նրանց որոշ փաստաթղթեր ցույց տվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա եղբայր Սամվել Մանուկյանը։
«Ոստիկաններն ասացին, որ ակցիայի համար ժամանակ են տալիս, մենք էլ վերջացրին։ Մանուելը «Վարկս Էյ-Էմ»-ի, «ՄՈԳՈ»-ի տոոկսներն էր ուզում ցույց տալ լրագրողներին, ոստիկաններն էլ եկան, ասացին, որ ձեր ժամանակը սպառված է ու տարան։ Մանուլն ասաց, որ ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել, մենակ է գնացել լրագրողների մոտ, ոչ մի հավաք չի կազմակերպել, մյուսները այգում են եղել, նրա հետ կապ չեն ունեցել։ Գնացել է՝ լրագրողներին թուղթ ներկայացնի»,- նշեց նա։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ Մանուել Մանուկյանը բերման է ենթարկվել 11։ 40-ին՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածով արարք կատարելու համար։
Հիշեցնենք, որ ԿԲ-ի դիմաց այսօր երրորդ օրն էր արդեն՝ բողոքի ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարել նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։ Քաղաքացիներն այսօր ԿԲ նախագահին ուղղված դիմում հանձնեցին։ Նախօրեին ակցիայի մասնակիցներից մի քանիսը նույնպես բերման են ենթարկվել ոստիկանության հետ բախումից հետո։











