Ոչինչ մեզ չպեք է խանգարի այս կամ այն հարցով հանդես գալու առողջ քննադատությամբ: Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Անդրադառնալով վերջին քառօրյա նիստերի ժամանակ խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ պատգամավորը նշեց, որ այն տհաճ էր եւ ցավալի: «Միջադեպը ոչ մի ձեւով չի համապատասխանում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության եւ ժողովրդավարական արժեքների տրամաբանությանը: Մենք մեր գործընկերներին կոչ արեցինք վերադառնալ սահմանադրական դաշտ, որովհետեւ այսօր երկիրը բախվում է խնդիրների, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել: Մեր տնտեսության կոտրված ողնաշարի առողջացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգի քննարկմամբ»,- շեշտեց Տոնոյանը:
Խորհրդարանականի կարծիքով՝ պետք է անցկացվի մեղավորներին հայտնաբերելու քննություն: Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատները վայր դնելու մասին «բարտերային առաջարկներին», ապա «յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի իր գործունեության տրամաբանությունը»:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի էր ունեցել միջադեպ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Երկրապահ» միության նախագահ Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, որը հանգեցրել էր զանգվածային ծեծկռտուքի:











