Կառավարության շենքի մոտ այսօր` մայիսի 2-ին ակցիա են անցկացրել ջերմոցային տնտեսությամբ, մասնավորապես` լոլիկի արտադրությամբ զբաղվող մոտ 30 ձեռներեց, որոնք բողոքում են Թուրքիայից չմաքսազերձված բանջարաղենների ներմուծման դեմ: Նրանց խնդիրները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Պատգամավորի խոսքով` նրանց թիվ մեկ խնդիրը ոչ հավասար մրցակցային դաշտն է, որի հետեւանքով Թուրքիայից բերված լոլիկը ավելի էժան է, իսկ մեր տեղական արտադրանքը արդեն մրցունակ չէ: Երկրորդ խնդիրը կապված է էներգիայի օգտագործման, մասնավորապես` գազի օգտագործման հետ. «Խնդիրն այն է, որ այն ծավալի գազը, որ իրենք օգտագործում են, դրան ավելանում են նաեւ տոկոսներ: Գազի վրա 20 տոկոս ավելացած արժեքի հարկը, ըստ նրանց, պետք է հանվի, որովհետեւ պատրաստի արտադրանքի վրա միեւնույն է ավելացված արժեքի հարկը ավելանում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կա նաեւ մեկ այլ խնդիր`տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը վարկեր է վերցրել ջերմոցներ սարքելու, օգտագործված գազի գումարը փակելու համար եւ նրանք խնդրում են, որ վարկի մարման ժամկետը երկարաձգվի, բայց տուգանքներ չավելանան: «Ժառամգության» պատգամավորի փոխանցմամբ` իրենք խնդիրը ներկայացրել են Կառավարությանը. եւ աշխատակազմի ղեկավարը պետք է այսօր մինչեւ երեկո զանգի Արմեն Մարտիրոսյանին` ասելու, թե որոնք են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները:





























