Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման եւ տրամադրման գործընթացի, նաեւ ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի եւ այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս առթիվ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը եւ խախտումները անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում` առավել եւս: Իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների գործընթացի հետ կապված քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել խիստ հետեւողականություն եւ դրսեւորել առավելագույն աջակցություն:

Իշխան Զաքարյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից խնդիր է դրվել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Վերահսկիչ պալատը մինչեւ տարեվերջ վերահսկողություն է բացելու Երեւանի քաղաքապետարանի` սոցիալական ծառայութուն իրականացնող կառույցներում: