Բարձրաստիճան հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը ԱՄՆ նախագահին թույլ կտա լայն պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե Պեկինը լիարժեք հաշվետվություն չտա այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են կորոնավիրուսի բռնկմանը, հայտնում է Reuters-ը:

Գրեմը, ով նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր գործընկերն է, համոզված է, որ եթե չլիներ Չինաստանում իշխող Կոմունիստական ​​կուսակցության «խաբեությունը», ապա վիրուսը չէր լինի Միացյալ Նահանգներում: Բռնկումը ԱՄՆ-ում ավելի քան 80 000 մարդու կյանք է խլել:

Գրեմի խոսքերով՝ Չինաստանը հրաժարվել է թույլ տալ քննիչներին ուսումնասիրել, թե ինչպես է սկսվել բռնկումը։

«Համոզված եմ, որ Չինաստանը երբեք չի համագործակցելու լուրջ հետաքննության հետ, եթե միայն նրանց չստիպեն դա անել»,- ասվում է Գրեմի հայտարարության մեջ:

Սենատորն ասել է, որ «COVID-19 Accountability Act» օրենքը նախագահից կպահանջի 60 օրվա ընթացքում Կոնգրեսին հաստատել, որ Չինաստանը «ամբողջական եւ բազմակողմանի զեկույց է ներկայացրել COVID-19-ի ցանկացած հետաքննությանը, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կամ ՄԱԿ-ի այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը»։

Օրենքը ԱՄՆ նախագահին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել, ներառյալ՝ ակտիվների սառեցումը, մուտքի արգելքը, վիզաների չեղարկումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ինստիտուտների կողմից չինական ընկերություններին վարկեր տրամադրելու սահմանափակումը։