Հոկտեմբերին Երեւանում կկայանա Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության 31-րդ Գլխավոր ասամբլեան:

Այսօր` մայիսի 2-ին այս ասամբլեայի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության մշտական քարտուղար Պիեռ Բայեի հանդիպման ժամանակ:

Մայրաքաղաք Երեւանը Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության անդամ է 1998թ.-ից:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Գլխավոր ասամբլեայի անցկացումը Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ գործնական նոր հարաբերությունների հաստատման հիմք կհանդիսանա:

Կարեն Կարապետյանը կարեւորել է Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության հետ բազմակողմանի ծրագրերի իրականացումը կրթության ու մշակույթի ոլորտներում եւ հույս հայտնել, որ համագործակցությունը զարգացման հեռանկարներ ունի:

Մինչ Երեւանի քաղաքապետի հետ հանդիպումը,  Պիեռ Բայեն այցելել էր Երեւանի թիվ 48 եւ 78 դպրոցներ ծանոթանալու կազմակերպության միջոցներով լինգաֆոնային դասարանների ձեւավորման աշխատանքների ընթացքին: Ծրագրի հաջորդ փուլում  կազմակերպության ֆինանսավորմամբ նախատեսվում է նաեւ հեռակա ուսուցման համաժամանակյա դասընթացներ անցկացնել ֆրանսերեն երկլեզվյա դասարաններ ունեցող այս դպրոցների միջեւ: