Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա տվյալներով,  պարզվել է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են եղել սահմանված պլանային քանակներից, որի արդյունքում մեծ են եղել շարժման միջակայքերը եւ չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50 տոկոսի արտաքին տեսքը գնահատվել է անբավարար:

Սահմանված ուղեվարձից բարձր` 200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականացնելու (միկրոավտոբուսային հ.հ.69 եւ 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շարժակազմ չապահովելու եւ ուղեւորների սպասարկումը ձախողելու (հ.53 երթուղի) համար, մրցութային հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր` նշված երթուղիները սպասարկող կազմակերպությունների հարցը քննարկելու եւ նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար:

Արձանագրվել է հասարակական տրանսպորտի կանգառներից օգտվելու կանոնների խախտման դեպքեր ներքաղաքային երթուղիներում շահագործվող թվով 34 տրանսպորտային միջոցների մոտ: