Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ շարունակում են ուսումնասիրությունները մայրաքաղաքի մանկապարտեզներում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացվել են ապրիլի 13-29-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, զեկուցվել է, օրինակ, թիվ 152 մանկապարտեզում ստուգման օրը արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Սույն հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից:
Ստուգված մանկապարտեզներում արձանագրվել են նաեւ ընդունելության կարգի խախտումներ, առանձին դեպքերում ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանի գործածության հետ կապված թերություններ եւ բացթողումներ, մի շարք նախադպրոցական ահստատություններում բացակայել են վճարման անդորրագրերը: Առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը խիստ վերահսկողության եւ պատժամիջոցների կիրառման պահանջ է դրել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն երեխաների սննդի կազմակերպման խախատումների եւ հավելագրումների դեպքեր. «Երեխաների սննդի հետ կապված ցանկացած խախտման դեպքում տնօրենին անմիջապես ազատել աշխատանքից: Անգամ լավ պատմություն ունեցող մանկապարտեզի տնօրենին»,- շեշտել է քաղաքապետը:




























