ՆՓԱԿ-ում (Նորար Փորձառական Արվեստի Կենտրոն) մայիսի 5-ին բացվելու է թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի անհատական, բազմածավալ ցուցահանդեսը, որի խորագիրն է` «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ»:

Էբրուն թղթի մարմարապատման թուրքերեն արտահայտությունն է, որով թուղթը գունազարդվում եւ գործածվում է որպես գրքերի ներքին շապիկ եւ քալիգրաֆիայի ֆոն:

Սկսելով Էբրու ծրագիրը` Աթթիլա Դուրաքը երկու նպատակ է ունեցել`ճանաչել Անատոլիայի մշակութային հարստությունը եւ նպաստել, որպեսզի տարբերությունների պատճառով իրար որպես «ուրիշ» ընկալող մարդիկ սկսեն իսկապես տեսնել իրար, եւ նրանց էթնիկ ինքնություններից անկախ ստեղծվի այնպիսի հարթակ, որի վրա հնարավոր լինի ստեղծել երկխոսություն:

Էբրու նախագծի շրջանակներում տպագրվել է «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» գիրքը, որը մինչ օրս թարգմանվել է երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Հայաստանում բացվելիք ցուցահանդեսի շրջանակներում Էբրու գրքի տեքստերը թարգմանվել են հայերեն եւ գրքի հետ միասին ներկայացվելու են ցուցահանդեսում: